AM
22 January 2024 - 15:09 AMT

Արամ Մանուկյան. Սահմանադրությունը փոխելը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է

ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, տեղեկացնում է Aravot.am-ը։

«Սահմանադրությունը փոխելը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է: Թուրքիան դա պահանջում է, քանի որ Անկախության հռչակագիրը, որին հղում է անում Սահմանադրությունը, անդրադառնում է Ցեղասպանության ճանաչմանը, իսկ Ադրբեջանը՝ Հռչակագրի՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին որոշմանը հղում կատարելու համար: Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է», –ասել է Արամ Մանուկյանը:

Քաղաքական գործիչը հարց է հնչեցրե, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք այդպիսի պահանջ չի ներկայացվել Երևանին:

«Որովհետև պահանջում են նրանից, ով թույլ է, վախեցած և պատրաստ զիջումների», – նշել է ՀԱԿ փոխնախագահը:

Անդրադառնալով Արարատ լեռան թեմային՝ Մանուկյանը հայտնել է, որ Թուրքիային հետաքրքրիր չէ Հայաստանի խորհրդանիշերում Արարատը կա, թե ոչ, բայց այն հեռացնելու պահանջ են դնում՝ որպես «թույլին խեղճացնելու միջոց»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք, այնուամենայնիվ, պետք է փոխել մայր օրենքը՝ Արամ Մանուկյանը շեշտել է, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել, կարող է փոփոխությունների ենթարկվել:

«Նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարելով՝ Փաշինյանը ոտնահարում է Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրությունն ունի անփոփոխելի հոդվածներ, ինչը նշանակում է, որ այն հիմնովին չի կարող փոխվել, նույնիսկ հանրաքվեի միջոցով», – ասել է Մանուկյանը:

Միևնույն ժամանակ ՀԱԿ փոխնախագահը կարծում է, որ Փաշինյանը չի գնա Սահմանադրությունը Անկախության հռչակագրից անջատելու համար սահմանադրական փոփոխության հանրաքվեի, և դրա համար երկու պատճառ է բերում:

«Նախ, նրան չեն թողնի գնալ այդ քայլին: Երկրորդ, նրան ոչ ոք չի աջակցելու: Այդ դեպքում կարող եք հարցնել՝ այսպիսի հայտարարություններ ինչո՞ւ է անում: Որովհետև նա բլեֆ է անում, խաբում է, ձգձգում է, որպեսզի դրսին ցույց տա, թե նա պատրաստ է գնալ այդպիսի փոփոխությունների, բայց չի գնա դրան, ինչպես չի գնա պայմանագիր ստորագրելու: Նա փախչում է խնդրից, մինչև…չգիտեմ մինչև ինչ», – կարծիք ՝ հայտնել Մանուկյանը՝ հավելելով, որւ «Փաշինյանը ոչ իր գործընկերների հետ է անկեղծ, ոչ էլ իր ժողովրդի, նա ուղղակի գեղցու շուստրիությամբ է զբաղված»:

Ավելի վաղ Արդարադատության նախարարությունում վարչապետ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է ոչ թե փոփոխությունների ենթարկել, այլ բոլորովին նոր մայր փաստաթուղթ ընդունել: Գործադիր իշխանության ղեկավարը դա պատճառաբանել է «աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններով»: Ընդդիմադիր պատգամավորները Փաշինյանին ի պատասխան հայտարարեցին, թե նա նախագծում է փոխել Սահմանադրությունը՝ Անկարայի և Բաքվի պահանջներին համապատասխանեցնելու համար: Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձին նվիրված իր շնորհավորական ուղերձում էլ Նիկոլ Փաշինյանը ասել էր, թե Հռչակագրի խոսույթը «կոնֆրոնտացիոն է»: