AM
23 January 2024 - 11:15 AMT

Արցախից բռնի տեղահանված մոտ 17,000 երեխա ՀՀ-ում հաճախում է դպրոց, 1800 ուսանող՝ բուհ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակության հետ հանդիպմանը կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության առումով: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է սովորողների կրթական կարիքների քարտեզագրումը և նրանց լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացում:

Պատվիրակությունը Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած քայլերն այս ուղղությամբ՝ Մարտիրոսյանը նշել է, որ մոտ 17,000 դպրոցահասակ սովորողներ ընդգրկվել են ՀՀ հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում իրենց կրթությունը շարունակում են 900, իսկ բուհերում՝ 1800 ուսանողներ: Ըստ փոխնախարարի՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակական է:

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տարբեր խնդիրներով միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է զարգացման գործընկերների հետ համատեղել ջանքերը՝ առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:

«Մենք այժմ բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և համակարգային փոփոխությունների այս շրջանում մեզ հաջողվեց ճկուն մոտեցումներով ապահովել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության իրավունքը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ փոխնախարարը նշել է նաև, որ ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ ուսուցիչներ իրենց մասնագիտական գործունեությունը շարունակում են ՀՀ դպրոցներում: Այժմ մշակվում են նոր մոտեցումներ՝ մշակույթի և սպորտի ոլորտի մասնագետներին աշխատանքով ապահովելու նպատակով:

ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետները ներկայացրել են իրենց գործունեությունը և աջակցության հնարավորությունները: Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ հետարքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։