Վարչական դատարանը ԱԱԾ-ին պարտավորեցրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի անունները հանել Հայաստանում անցանկալի համարվող անձանց ցանկից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Այսօր Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից»,–ասվում է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ, հաշվի առնելով հարցի հանրային լայն հնչեղությունը և համակարգային բնույթը, այլ մանրամասներ ներկայացնելու համար հունվարի 25-ին հրավիրվում է մամուլի ասուլիս՝ գործով ներգրավված փաստաբաններ Սիրանույշ Սահակյանի, Ռուբեն Մելիքյանի եւ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ։
2022-ի հուլիսին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ժամանել է Հայաստան և օդանավակայանում իմացել, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչ հիմքով է դա արվել՝ նշելով, որ 2021-ի հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: