ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցին, նշել է, որ էական հետընթաց կա և հարված խաղաղության գործընթացին՝ մի շարք առանցքային հարցերում։
«Նա հղում էր անում 1918-20 թվականի ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին։ Ուզում եմ ընդգծել, որ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի։ Մենք շարունակում ենք մնալ վճռական մեր այն դիրքորոշման մեջ, որ սահմանագծման գործընթացի ընթացքում համապատասխան հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքեր ունեցող, իրավական հիմքերով գծված սահմանները, այն կերպ, ինչպես դրանք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին, ինչի մասին խոսում է Ալմաթիի հռչակագիրը»,- ասել է Միրզոյանը, գրում է Aravot.am-ը։
Նա հավելել է, որ նախ և առաջ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ երկիմաստությունների և առանց տարընթերցման տեղ թողնող ձևակերպումների։
«Գիտեք, որ մենք մշտապես խոսել ենք 1974-1978 թվականների քարտեզների մասին՝ որպես այս իրողություններ արտացոլող ամենաթարմ քարտեզներ։ Առաջարկ է եղել օգտագործել 1974-1990 թվականի քարտեզներ։ Այս առաջարկը եղել է ադրբեջանական կողմինը։ Որոշակի ուսումնասիրությունից հետո մենք ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել այս ձևակերպումը։ Բայց Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում։ Բայց, վերադառնալով սկզբունքներին, ուզում եմ կրկին արձանագրել, որ Հայաստանի համար հետագա սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունը, ընդ որում, իրավական առումով անխոցելի հստակությունն, առանցքային է։ Եվ այս կոնտեքստում ուզում եմ նորից հիշատակել Ալմաթաիի հռչակագիրը»,- ասաց Միրզոյանը։
Վերադառնալով սկզբունքներին, որոնցով պատկերացվում է խաղաղության գործընթացը՝ ԱԳ նախարարը նշել է, որ երրորդ էական սկզբունքը ևս հայտնի է բոլորին՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ համաձայն փոխադարձության և հավասարության սկզբունքների։
«Սրա շուրջ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել ադրբեջանական կողմի հետ և ունենք, ըստ էության, փոխըմբռնում և փոխհամաձայնություն։ Բայց նորից անդրադառնալով վերջին հայտնի հարցազրույցին՝ այստեղ ևս տեսնում ենք հետընթաց Ադրբեջանի կողմից»,–ասել է նա։
Միրզոյանն ասել է, որ 2024–ի առաջին օրերին ադրբեջանական կողմին է փոխանցվել հայկական առաջարկների 7-րդ խմբագրված տարբերակը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցումը չի շարունակվում։
«Դա դրսևորվեց և պայմանագրի ադրբեջանական 7-րդ խմբագրական համատեքստում, և Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում»–ասել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։