Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որն անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում։ Ավելի ուշ Լոռու մարզպետի աշխատակազմից պարզաբանել են, որ պայթյունի նմանվող ձայնը ավիացիոն ուսումնավարժանքի ընթացքում է հնչել։
«Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում: Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»,-ասվում է Լոռու մարզպետի աշխատակազմի հայտարարության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ ԶՈւ ինքնաթիռներն ուսումնամարզական թռիչքներ են կատարել։
«ՀՀ պաշտպանության նախարարությունն ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ»,-նշում են ՊՆ-ից։
Ըստ համացանցում տարածված գրառումների, պայթյունի նմանվող ձայներ են լսվել Վանաձորում, Բազումում, հարակից այլ վայրերում։