Հայաստանում ավելի քան 140,000 երիտասարդ որևէ կրթական ծրագրով չի սովորում։ Այս մասին ԱԺ–ում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-19 տարեկան երիտասարդների 20․6%-ը որևէ կրթական ծրագրով չի սովորում։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-24 տարեկան երիտասարդների մասով։ Այս տարիքային խումբը ներառյալ՝ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68․8%՝ ավելի քան 140,000 մարդ»,- նշել է Անդրեասյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա ընդգծել է, որ նման իրավիճակն անթույլատրելի է ու մարդկային կապիտալի զարգացումն այլընտրանք չունի թե՛ հանրային, թե՛ տնտեսական զարգացման տեսանկյունից։
Նախարարի խոսքով՝ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս` որակավորում չունենալու պատճառով այդ անձանց և նրանց ընտանիքների աղքատության, առողջական խնդիրների և բազմաթիվ այլ հարցերի առումով ռիսկը մեծանում է։
Ավելին, որակավորում չունեցողներից շատերն արդեն իսկ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ են, որոնց համար նաև հենց այդ պատճառով մասնագիտական կրթություն ստանալը դառնում է լուրջ և հաճախ անհասանելի խնդիր։