Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, անդրադառնալով «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագծին, ասել է որևէ մեկը չի խոսել այն մասին, որ ուսումնասիրվելու է հայ ժողովրդի պատմությունը ինչ-որ ինտերվալներով կամ միջակայքերով։
«Բնականաբար այն փուլերը, երբ մենք պետականություն չենք ունեցել, չենք կարող բաց թողնել»,–ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։
Նա նշել է, որ ցանկացած փոփոխություն, որ իրականացվում է, մշտապես ունենում է դիմադրություն ու մշտապես լինում են մարդիկ, ովքեր հակափաստարկներ են ունենում։
«Բայց կարևոր է կշռադատել, հասկանալ հիմնավորվածությունը ու ըստ այդմ շարժվել առաջ։ Որևէ մեկը չի խոսել այն մասին, որ մենք ուսումնասիրելու ենք հայ ժողովրդի պատմությունը ինչ-որ ինտերվալներով կամ միջակայքերով։ Եթե մենք խոսում ենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր մշակույթի, կրոնի մասին, ապա դպրոցում ուսումնասիրվելու է ամբողջ ժամանակագրությունը։
Բնականաբար այն փուլերը, երբ մենք պետականություն չենք ունեցել, չենք կարող բաց թողնել։ Ոչ ոք չի խոսում այն մասին, որ այս կամ այն պատմական դրվագը չի ուսումնասիրվելու։ Մենք շատ ենք կարևորում, որ դպրոցներում երեխաների մեջ սերմանվեն ակտիվ քաղաքացի դառնալու, իրենց երկրի զարգացմանը միտված իրենց դերը կարևորելու, իրենց կրթությունը արժանապատիվ ստանալու հարցերը»,- ասել է փոխնախարարը։
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Ըստ նախագծի՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան պետք է վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Ըստ նրա, այստեղ խորքային մեծ տարբերություն կա, քանի որ հայ ժողովրդի պատմություն, որը պետականության բացակայության դրվագներ ունի, իսկ «Հայաստանի պատմությունը» նշանակում է պետականության պատմություն։Նա նշել էր նաև, որ որոշ գիտնականներ, ուսուցիչներ դիմել են այդ հարցով ԿԳՍՄՆ։