AM
27 January 2024 - 08:53 AMT

Հակոբյան. 2023-ին մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 134 դեպք է գրանցվել

Հայաստանում 2023 թվականին մարդկանց վրա թափառող շների հարձակվելու դեպքերի թիվը կազմել է 134, իսկ կենդանիների վերաբերյալ դաժան դեպքերի թիվը՝ 45: Այդ մասին հունվարի 26–ին Ազգային ժողովում «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։

«2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ստացված ահազանգները հիմնականում վերաբերել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, շների կողմից բարձրացված աղմուկի և աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ: Քաղաքացիները մի շարք դեպքերում ահազանգում են ոստիկանություն՝ թափառող շների հնարավոր հարձակումներից վախենալով, քանի որ վտանգավոր են համարում իրենց անչափահաս երեխաներին միայնակ ուսումնական հաստատություններ ուղարկելը»,- ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ Հակոբյանի՝ ստացված ահազանգերի ու դիմումների գերակշիռ մասը վերաբերում է Երևան քաղաքին, իսկ մարզերում թափառող կենդանիների վերաբերյալ առավել շատ ահազանգեր ստացվել են Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում:

Նրա խոսքով՝ խնդրահարույց է նաև վարչական տարածքներում թափառող շների ստերջացման հարցը, քանի որ մարզերում և մի շարք շրջաններում ստերջացում չի իրականացվում։

«Ոստիկանության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում 2022 թվականին գրանցվել է մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 133, 2023-ին՝ 134, իսկ 2024 թվականի հունվարին՝ 5 դեպք: Նշված դեպքերի վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել տեղական ինքնակառավարման մարմիններ՝ թափառող կենդանիներին վնասազերծելու և խնամքի կենտրոններ տեղափոխելու նպատակով»,–ասել է նա։

2022 թվականին գրանցվել է 19, 2023-ին՝ 45, իսկ 2024-ի հունվարին՝ 3 դեպք: Նշված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում պատասխանատվության են ենթարկվել 2022 թվականին երեք, իսկ 2023 թվականին՝ երկու անձ: