Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը հայտարարել է, որ ՀՀ համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը։
Նա տեղեկացրել է, որ կառավարությունըմի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել:
«Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, և վերջին տարիներին կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել: ՀՀ ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի Հայաստանի կառավարությունից և իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում՝ զուգահեռ ավելացնելով նաև գիտության և կրթության ֆինանսավորումը»,–ասել է նա։
Նա ասել է նաև, որ բանակը բարեփոխելը, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով։
Փաշինյանը հավելել է, որ ռազմավարական առումով մենք ընթանում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բանակի կազմավորմանը նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերներ և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր։