Հունվարի 28-ին Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիան (JAFA) Տոկիոյում կազմակերպել էր ճապոնացի ֆոտոլրագրող Մակիո Մացումուրայի՝ Բերձորի միջանցքում արած լուսանկարների շնորհանդեսը, հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը:
Մացումուրան 2023թ. հոկտեմբերին այցելել էր Հայաստան և անձամբ լուսանկարել Բերձորի միջանցքով արցախցի փախստականների հոսքը դեպի Հայաստան:
Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել JAFA-ին՝ ի դեմս Հիդեհարու Նակաջիմայի, ցուցահանդեսի կազմակերպման և դժվարին պահերին Հայաստանի կողքին լինելու համար: Դեսպան Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանը Ճապոնիայի նման ժողովրդավար երկրներից ակնկալում է հասցեական դատապարտում ադրբեջանական անօրինական գործողություններին՝ դրանով իսկ նպաստելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:
«Այն, ինչ իր լուսանկարներում արձանագրել է պարոն Մացումուրան և ցուցադրել այստեղ հավաքվածներիս, դա միջազգային կարգի և մեխանիզմների անկարողությունն էր պարտադրել կոնկրետ երկրների գործել միջազգային իրավունքին համաձայն»,- նշել է դեսպանը։
Նա ավելացրել է, որ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` մինչ օրս Բերձորի միջանցքը պետք է գործեր՝ անխափան և ապահով կապ հանդիսանալով Հայաստանի և Արցախի միջև:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։