AM
29 January 2024 - 10:02 AMT

«Հետք»․ Fly Arna-ն դադարեցրել է թռիչքները՝ ֆինանսական խնդիրներ կան

«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» (Fly Arna) անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում: 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ավիաընկերությունը, որն առաջին անգամ երկինք է բարձրացել 2022-ի հուլիսին, 1․5 տարի անց խնդիրների առաջ է կանգնել, հայտնում է «Հետքը»։

«Ֆլայ Արնան» հայ-արաբական գործակցության արդյունք է: Դրա 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական International Business Company (FZE)-ին, որը փոխկապակցված է Air Arabia ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը ծնունդով հալեպցի, լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, աշխատում է ԱՄԷ-ի, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես ոլորտներում: «Ֆլայ Արնան», ըստ հիմնադիրների, աշխատում էր հենց Air Arabia բիզնես մոդելով, իսկ վերջինս լոուքոսթեր/բյուջետային ավիաընկերություն է:

Մինչև թռիչքների դադարեցումը հայկական ավիաընկերությունը չվերթեր էր իրականացնում դեպի Ռուսաստան և Իրան: Վերջին անգամ ընկերությունը հունվարի 16-ին կատարել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը:

Դեկտեմբերի սկզբին հայկական մամուլը գրել էր, որ ավիաընկերության թռիչքներն առաջիկայում դադարեցվելու են, քանի որ այն կազմակերպչական ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Արձագանքելով լուրերին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ ավիաընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, և կարծիք հայտնել, որ լուծումներ կտրվեն: Իր հերթին «Ֆլայ Արնայի» հայկական բաժնետեր ԱՆԻՖ-ը հայտարարել էր, թե ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։

«Հետքն» էլ գրել էր, որ նոյեմբերի վերջին հայկական ռեգիստրից հանվել է ավիափոխադրողի երկու «Airbus A320» տիպի օդանավերից մեկը, որն այնուհետ անցել է «Air Arabia»-ին: Այսինքն՝ հայկական օպերատորին մնացել է միայն մեկ ինքնաթիռ։

2021-2023 թթ. «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալը մոտ 4․8 մլրդ դրամ էր, 2023-ի հոկտեմբերին այն դարձել էր մոտ 6․8 մլրդ դրամ: Դեկտեմբերի 25-ին ավիաընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշել էր ևս 2 մլրդ դրամ ներդնել: Այսպիսով՝ դեկտեմբերից մինչ օրս հայկական ավիափոխադրողի կանոնադրական կապիտալը 8․8 մլրդ դրամ է:

Նշվում է, որ վերջերս ԱՆԻՖ-ի գործերը նույնպես լավ չէին: Մասնավորապես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), ուսումնասիրելով ԱՆԻՖ-ի 2019-2023 թթ. փաստաթղթերը, եկել էր հետևյալ եզրակացության. «Հանձնաժողովի մոտ ձևավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ ընկերության գործունեության ընթացքում հնարավոր է իրականացվել են չարաշահումներ, որոնք պետք է հանդիսանան բազմակողմանի և օբյեկտիվ քննության առարկա և ստուգվեն քրեադատավարական ընթացակարգերով»: Այնուհետ ԿԿՀ-ն նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ փաստաթղթերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե, և այստեղ քրեական վարույթ է սկսվել մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով:

2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը զուգահեռաբար մինչև 2021 թ. ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ. Երևանի փոխքաղաքապետը:

Դեկտեմբեր-հունվար ամիսներին կադրային փոփոխություններ եղան ԱՆԻՖ-ում. Փոխվել է տնօրենների խորհուրդը, որի նախագահն այժմ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն է: Նորակազմ խորհուրդը գործադիր տնօրենի պաշտոնից հեռացրել է Դավիթ Փափազյանին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ԱՆԻՖ-ի աշխատակից Տիգրան Ղազարյանին:

Պետական հետաքրքրությունների ֆոնդը 2019-ին Կառավարության կողմից հիմնադրված փակ բաժնետիրական ընկերություն է։ Վերջին տարիներին այն նախ եղել է Կառավարության, ապա Էկոնոմիկայի նախարարության կազմում։ Դրա նպատակը օտարերկրյա ներդրումների ներգրավումն է, արտահանման աճի խթանումը և հայաստանյան նախագծերում ներդրումներ անելը։