AM
29 January 2024 - 12:48 AMT

ՀՀ-ում շուտով զորակոչը գերժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կանցկացվի

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ խոսել է Հայաստանում զորակոչի կազմակերպման աշխատանքների մասին։

Նա հայտարարել է, որ Հայաստանում կներդրվեն զորակոչը գերժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ անցկացնելու մեխանիզմներ, հայտնում է Արմենպրեսը։

Պապիկյանը նշել է, որ պարզեցված մեխանիզմները նպատակ ունեն ոչ միայն զինակոչիկների ու նրանց ծնողների համար հարմարավետ դարձնելու զորակոչի գործընթացը, այլև ապահովելու զորակոչի օրինականությունը՝ բացառելով հովանավորչության ու տարբերակված մոտեցումների որևէ դրսևորում։

«Հասկանալի պատճառներով զորակոչը եղել և մնում է հասարակություն-բանակ առնչությունների ամենազգայուն կետը և բանակի հանդեպ ժողովրդի վստահության շեմը բարձրացնելու կարևորագույն գործիքներից մեկը։ Մենք շուտով ներդնելու ենք զորակոչը գերժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ անցկացնելու մեխանիզմներ»,- ասել է Պապիկյանը։

Պապիկյանը Բանակի կազմավորմանը նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերներ և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր։