AM
30 January 2024 - 08:48 AMT

Քր.ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար դիմումների ընդունելությունը շարունակվում է

Քրեական ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար դիմումների ընդունելությունը շարունակվում է: Ներքին գործերի նախարարությունը ձևավորում է Քրեական ոստիկանության մասնագիտական ծառայություն։

Դիմորդների ընդունելությունը սկսվել է հունվարի 3–ին և ավարտվելու է փետրվարի 1–ին։ Ընդունելության քննությունները կանցկացվեն մարտ-ապրիլին, իսկ դասընթացի սկիզբը մայիսի 1–ին է, հայտնում է Արմենպրեսը։

Ուսուցումը կտևի 5 ամիս, ավարտը նախատեսվում է սեպտեմբերի վերջին:

Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում, չեն տառապում ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով, անցել են պարտադիր զինվորական ծառայություն ու բավարարում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի մյուս պահանջներին:

Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 700 է։

Ուսուցման ընթացքում կտրվի ամսական 75,000 դրամ վարձատրություն, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում՝ աշխատավարձի պահպանում:

Նշվում է, որ ուսման ավարտական քննությունները գերազանց հանձնելու դեպքում հնարավորություն կա ամսական վաստակել նվազագույնը մոտ 433,000 դրամ (հարկված) աշխատավարձ։ Նախատեսվում են նաև սոցիալական երաշխիքներ։