AM
31 January 2024 - 07:58 AMT

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը:

Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քեյլը մանրամասներ է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի հետ քննարկումների վերաբերյալ և նշել, որ արդյունքում վերահաստատվել է «Ակադեմիական քաղաքի» տեսլականը: Նա նշել է, որ մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի և ընդգծել, որ հարակից գործընթացներն արդեն իսկ կարելի է սկսել:

Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են ճարտարագիտական ենթակառուցվածքներին, ճանապարհային ցանցին, լանդշաֆտին վերաբերող հարցեր: Ներկայացվել են թեմային առնչվող առաջարկություններ և դիտարկումներ:

Քննարկման արդյունքում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ «Ակադեմիական քաղաքի» ենթակառուցվածքների ստեղծման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։