Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը և ANCA-ի անդամ Թերեզա Երիմյանը քննարկում են ունեցել կոնգրեսական Գլեն Գրոթմանի հետ Արրցախում քրիստոնյաների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության մասին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։
«Քննարկվել են Ադրբեջանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների անհրաժեշտությունը, արցախցի փախստականներին օգնության ընդլայնումը և Արցախի բնակիչների իրենց տներ վերադառնալու և նրանց անվտանգությունն ապահովելու միջոցները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։