AM
31 January 2024 - 09:26 AMT

Ռուբինյան․ Ո՞վ ասաց, որ ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով երկրի օրհներգն ու զինանշանը փոխելու խոսակցություններին, ասել է, որ չի ուզում հիմնն ու զինանշանը փոխել։

«Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը, ես չեմ ուզում փոխել զինանշանը»,–ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 30–ին տելեգրամյան ալիքում գրել էր, որ ՀՀ օրհներգի և զինանշանի փոփոխության հարցը պետք է քննարկվի։

«Օրհներգը պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան»: Իսկ զինանշանի մասով ԱԺ խոսնակը գրել էր, որ «առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»,–գրել է նա։

Ալեն Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանի փոխանցմամբ, սա ԱԺ նախագահի անձնական կարծիքն է, այս պահին թե օրհներգը, թե զինանշանը փոխելու օրինագիծ չի ներկայացվել։

Ընդդիմադիրները կարծում են, որ Հայաստանի իշխանությունն ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ զինանշանն ու հիմնը ուզում է փոխել թուրք-ադրբեջանական պահանջով։