AM
31 January 2024 - 09:31 AMT

ԱԺ նախագահ․ Տպավորություն է, թե Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում՝ ավարտին հասցնելու խաղաղության գործընթացը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հայ–ադրբեջանական կարգավորմանը, ասել է, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում՝ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում։ Այդ մասին նա ասել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հավելել է, որ ոչ միայն Չեխիան, այլև միջազգային բոլոր գործընկերները պետք է հնարավորինս ճնշեն՝ տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում, հայտնում է Aysor.am-ը։

«Հայաստանը բազմիցս շեշտել է, որ պատրաստ է և ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար, բայց մենք տեսնում ենք, որ մեր հարևան երկիրը այդ առումով այդքան աչքի չի ընկնում և միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են այդ խաղաղությունը հաստատելու տապալմանը:

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է տարբեր միջազգային հարթակներում առաջարկվող հանդիպումներից, և ես պետք է ասեմ, որ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում՝ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում, այն պարագայում, որ քաղաքական ցանկության դեպքում ես չեմ տեսնում որևիցե կտրուկ պատճառ, որը կարող է խանգարել խաղաղության համաձայնագիրը իրականացնել հավասարության և այն բոլոր սկզբունքների վրա, որոնք հուլիսին Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել են Ադրբեջանի նախագահի և վարչապետի հետ: Մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի է գալ համաձայնության, ունենալ հայտարարություն և մինչ օրս այդ հիմանարար սկզբունքների հիման վրա չունենալ խաղաղության համաձայնագիր»,-նշել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նաև ավելացրել է, որ ՀՀ-ն շարունակելու է ջանքերը՝ խաղաղության հաստատման ուղղությամբ։

«Այլևս երկրորդ կարծիք չկա, որ ժողովրդավարության հարցում մենք առաջատար ենք և մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ քայլերը, մենք ունենք մեր գործընկերների աջակցության կարիքը էլ ավելի խորացնելու այդ ուղղությունը և կարծում ենք, որ մենք կհաջողենք թե՛ խաղաղության, թե՛ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ մեր քայլերում»,–ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։