Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Սահմանադրության ընդունումը ՀՀ սուվերեն իրավունքն է և միայն հայ ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել, թե ոչ, հռչակագրին հղում թողնել, թե հանել, հայտնում է «Ազատությունը»։
Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։
«Նոր Սահմանադրության նախագիծ չկա, ոչ ոք դա չի տեսել, որտեղի՞ց են այն պնդումները, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով։ Ես, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է, և միայն ՀՀ ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել- չընդունել, ինչպիսի տեսքով ընդունել, հռչակագրին հղում թողել, թե հանել։ Այդ ամենը որոշում է ՀՀ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունն է նաև որոշելու, թե ինչպիսի պետություն է ինքը ուզում տեսնել, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը մոտակա 20, 30, 50, 100 տարում»,- ասել է ԱԺ փոխնախագահը։
Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին՝ պնդելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», – հայտարարել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե ՀՀ–ն մինչ օրս գործնական քայլեր չի ձեռնարկել «դադարեցնելու համար Ադրբեջանի ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ նկրտումները, որոնք առկա են ՀՀ Սահմանադրության», օրենսդիր մարմնի մի շարք որոշումներում, ինչպես նաև 44–օրյա պատերազմից հետո միջազգային դատարաններին տարբեր դիմումներում, միջազգային տարբեր կազմակերպություններում տարածած պաշտոնական նամակագրության մեջ։