AM
31 January 2024 - 10:48 AMT

Սիմոնյան․ Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոխվեն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե նոր Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջն է, ասել է, որ Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն։ Նա այդ մասին խոսել է Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե ՀՀ–ն մինչ օրս գործնական քայլեր չի ձեռնարկել «դադարեցնելու համար Ադրբեջանի ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ նկրտումները, որոնք առկա են ՀՀ Սահմանադրության», օրենսդիր մարմնի մի շարք որոշումներում, ինչպես նաև 44–օրյա պատերազմից հետո միջազգային դատարաններին տարբեր դիմումներում, միջազգային տարբեր կազմակերպություններում տարածած պաշտոնական նամակագրության մեջ։

«ՀՀ-ն հիմնելուց ի վեր՝ իր փաստաթղթերում ունեցել է և ունի դրույթներ, որոնք, իմ կարծիքով, պետք է փոփոխվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադարձությունները և վերջին իրադարձությունները։ Մենք պետք է հասկանաք, թե Հայաստանը ուր է գնում և ինչ նպատակներ է հետապնդում։ Արդյո՞ք այդ գոյությունը նրա համար է, որպեսզի մենք վերականգնենք պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե սա սեպտեմբերի 21-ի մասին է, երբ մենք ստացանք անկախություն, թե ՀՀ քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով, և ունենա բարեկեցիկ կյանք։ Մենք պետք է այդ հարցերի պատասխանները տանք»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Սիմոնյանն ասել է, որ, իր կարծիքով, այս հարցերի պատասխանները միանշանակ չեն, դրա հետևանքով դրանք նաև միանշանակ արտացոլված չեն մեր օրենսդրության մեջ։

«Չի կարող ՀՀ-ն լինել ամորֆ բան, չի կարող ՀՀ քաղաքացին չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքը և վերջանում»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նաև հիշեցրել է, որ մի լուսանկար էր հրապարակել վերջերս, որի համար իրեն քննադատել են։

«Ես ասում եմ, որ Հայկական լեռնաշխարհը, այո, իմ հայրենիքն է, իմ բնօրրանն է, բայց ես ունեմ պետություն՝ ՀՀ , որի կոնկրետ սահմաններով մենք անկախացել ենք և, որի քաղաքացին ենք մենք բոլորս։ Դա պետք է հասկանալի լինի և արտացոլված լինի բոլոր փաստաթղթերում»,–ասել է նա։

Ինչ վերաբերում է ակնարկին՝ արդո՞ք ՀՀ Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի պահանջն է և կապ ունի Ադրբեջանի պահանջների հետ, ապա Սիմոնյանը պնդել է, որ այսուհետ, բոլոր այն դրվագներում, որտեղ լրագրողները ՀՀ պաշտոնյաներին հարցեր կուղղեն՝ նույն հարցերը բարձրացվելու են ՀՀ-ի կողմից։

«Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն և, կրկնում եմ, յուրաքանյուր բանակցություն, որն իրականացվում է՝ արվում է հայելային, այսինքն, եթե կա առաջարկ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է, թե Ադրբեջանին, թե ՀՀ -ին»,- նշել է Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Անկախաության հռչակագրի հատվածը սահմանադրությունից հանելուն՝ նա ընդգծել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել և այս պահին նման քննարկում պաշտոնական շրջաակներում տեղի չի ունեցել։

Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին՝ պնդելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», – հայտարարել է նա։

Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։