AM
31 January 2024 - 11:23 AMT

ՀՀ-ն հերքում է՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպման օրակարգում ականապատման քարտեզների հարց չկա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հերքել են ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները։ Գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրի հանձնաժողովների հանդիպմանն ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվելու։

«Նման հարց օրակարգում ընդգրկված չէ», – ասել են գրասենյակից, հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը։ Հաղորդվում էր, որ հայկական կողմը կհանձնի 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին։

Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։