ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Չեխ խորհրդարանականներին ուղեկցել է ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը։
Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին: Մարկետա Պեկարովա Ադամովան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Չեխիան Հայաստանի հետ համագործակցել է բավականին երկար ժամանակ և միանգամայն աջակցում է ՀՀ–ին՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին: