AM
31 January 2024 - 13:18 AMT

Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ. Միանգամայն աջակցում ենք ՀՀ-ին՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին

Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Չեխիան Հայաստանի հետ գործակցել է բավականին երկար ժամանակ և միանգամայն աջակցում է ՀՀ–ին՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին:

«Մենք աջակցել ենք Հայաստանին այս ուղղությամբ՝ ներառյալ Արևելյան գործընկերության շրջանակներում, որը նաև Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շնորհիվ հյուրընկալվել էր Չեխիայում: Մենք նաև համագործակցում ենք երկկողմ մակարդակում. մեր երկու խորհրդարանները կարող են շատ տարբեր ոլորտներում համագործակցել, մեր հանձնաժողովներն այցելում են Հայաստան, և նույնը վերաբերում է հայաստանյան հանձնաժողովների այցերին Պրահա»,- ասել է նա, հայտնում է «Լուրերը»։

«Մենք հիմա աշխատում ենք մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունների վրա, և պատվիրակության մի մասը ձեռներեցներ են, նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են: Իմ պատվիրակության անդամներից մեկն էլ ներկայացնում է մեր առևտրի նախարարությունը, որը նշանակում է, որ դեռևս հնարավորություն կա բարելավել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները, և մենք այդ կապակցությամբ աշխատում ենք»,- նշեց Մարկետա Պեկարովա Ադամովան:

Նա ընդգծել է, որ համագործակցությունը ներառում է մշակութային և կրթական կապեր։

«Այդ կապակցությամբ ես ուրախ եմ, որ ցուցասրահ եմ բացելու թանգարանում, որը կներկայացնի մեր մշակութային ժառանգությունը, և հուսով եմ, որ դա լավ հնարավորություն կլինի՝ հրավիրել հայ զբոսաշրջիկներին մեր գեղեցիկ երկիր. միշտ դռները բաց են»,- ասել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահը: