Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթով ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, որն աշխատանքից ազատվել էր ձերբակալության նախորդ օրը։
Խուզարկություններ են կատարվել էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նշվում է, որ քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:
Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից:
Մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից մոտ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը: Նշված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 6 անձ:
Մյուս վարույթով փաստական տվյալներ են ստացվել, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորոշիչներին։
Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238,418,100 դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է: Այս քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում նշված պաշտոնատար անձը ձերբակալվել է:
Երկու վարույթով ակտիվ նախաքննությունը շարունակվում է։ Ըստ անհրաժեշտության՝ ՀՀ քննչական կոմիտեն հետագայում հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: