Ըստ որոշ ԶԼՄ–ների տեղեկությունների, հունվարի 31–ին ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ոչ հերքել, ոչ հաստատել է տեղեկությունը։ Նա նշել է, որ նախաքննության շահերից ելնելով վարույթի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվում։
Ենթադրվում է, որ Գևորգյանն անցնում է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանի և մյուս ձերբակալվածների գործով։
Գևորգյանի պաշտպան Մուշեղ Ալեքսանյանը չի պատասխանել լրատվամիջոցների հարցերին՝ նշելով, որ այս պահին որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրել։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից մոտ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: