Հայաստանը պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին՝ փետրվարի 1–ից Հռոմի ստատուտին միանալու որոշումն ուժի մեջ է մտել։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ ՄՔԴ–ին միանալը Հայաստանին հնարավորություն կտա կանխել ռազմական հանցագործությունները և որ առաջին հերթին դա վերաբերում է Ադրբեջանին, գրում է Deutsche Welle-ն։
Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Հայաստանի տարբեր պաշտոնյաները հայտարարել են, որ Հռոմի ստատուտին միանալու որոշումը կայացվել է, քանի որ դրանով Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորություն են տեսնում։