Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլան շնորհավորել է հայ ժողովրդին՝ փետրվարի 1-ից ԱՄԷ մեկնելիս նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատվելու կապակցությամբ;
«Մեր հայ եղբայրներն ու քույրերը փետրվարի 1–ից կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ մուտք գործել առանց մուտքի արտոնագրի»,- նշել են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, հայտնում է Արմենպրեսը։
«Վիզային ռեժիմի չեղարկման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ակնկալում ենք երկու երկրների միջև ուղիղ չվերթների թվի և զբոսաշրջային հոսքերի քանակի ավելացում, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային երկխոսության ամրապնդում»,–ասել է դեսպանը։
Ալ-Մուլլան գոհունակությամբ հայտնել է նաև էմիրաթական ավիաընկերությունների (Fly Dubai, Air Arabia և Wizz Air) կողմից երկու երկրների միջև շաբաթական մոտ 30 ուղիղ չվերթների իրականացումը՝ այն կարևոր գործոն համարելով զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացման շարունակական դինամիկայի պահպանման տեսանկյունից։
«Մենք հաստատում ենք մեր նվիրվածությունը ՀՀ-ի հետ կամուրջներ կառուցելու և հեռանկարային համագործակցություն զարգացնելու նկատմամբ, ինչն ամրապնդում է իմ համոզմունքը, որ մեր երկրների միջև համագործակցությունը սահմաններ չունի, և որ ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև բարեկամությանն ու գործընկերային հարաբերություններին սպասվում է պայծառ ապագա»–ասել է դեսպանը
Դեսպանը նաև շեշտել է, որ մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու որոշումն արտացոլում է երկու երկրների միջև փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների խորությունը և դրանք ի շահ երկու երկրների զարգացնելու համատեղ ցանկությունը՝ հավելելով, որ այն կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև զբոսաշրջության, առևտրի, տնտեսության և ներդրումների ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը, այլ նաև կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային և քաղաքակրթական փոխգործակցության խորացմանը։