AM
1 February 2024 - 10:22 AMT

«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակի հուշարձանը պղծած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել

«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողը պղծելու գործով հայտնաբերված և ՔԿ ներկայացված Սամվել Շիրինյանին մեղադրանք է ներկայացվել:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Շիրինյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 27-ին, քաղաքացի Սամվել Շիրինյանը մոտեցել է կոթողին, պոկել ու տրորել ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները, ինչը պատկերող տեսանյութը հրապարակվել է Tik Tok սոցցանցում՝ վիրավորական մեկնաբանություններով։

Իր այս քայլը Շիրինյանը բացատրել է Արցախում իրականացված էթնիկ զտումների հարցի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունից իր դժգոհությամբ։ Նշենք, որ ի պատասխան հարցին Զախարովան առաջարկել էր հղում տալ որևէ միջազգային կազմակերպության, օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթի կամ հայտարարության, որտեղ նշվում է, որ նման էթնիկ զտումներ են եղել։

Դեպքի առնչությամբ «Ռուսական տան» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների հիման վրա էթնիկ ատելություն հրահրելը և բռնության կոչերն անընդունելի են, և միջադեպի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։ Հատկանշական է, որ Սամվել Շահինյանն իրավապահների կողմից հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում։