AM
2 February 2024 - 08:19 AMT

Թաթոյան․ Այս օրակարգով ՀՀ կառավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի լեգիտիմությունը

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարություններին, նշել է` այս օրակարգով ՀՀ կառավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի լեգիտիմությունը։

Նա նշել է նաև, որ Սահմանադրության հարցը ադրբեջանական-թուրքական կոնկրետ թելադրանք է, որ, «ցավոք, բխում է նաև ՀՀ իշխանության քաղաքական շահերից»

«Ադրբեջանի նախագահը ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին առաջին անգամ, այն էլ սպառնալիքով, խոսել է 2021թ. ապրլի 13-ին. այն այսօրվա չէ: Ադրբեջանի նախագահն այսօր պարզապես կրկնել է այն ու նորից սպառնալիքով խոսել ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլ նաև օրենքները, Կառավարության որոշումները ու բոլոր մյուս իրավական ակտերը փոխելու մասին (ընդ որում, սա էլ նոր չէ): Այսինքն` Սահմանադրությանը հետևելու են ՀՀ օրենքները, բանակը, տնտեսությունը և այդպես շարունակ:

Այս հարցի հետ կապված` մենք ուսումնասիրել ենք ադրբեջանական հանրային-քաղաքական տիրույթը. այստեղ նույն թեզերն ու հիմնավորումներն են, որով նոր Սահմանադրության հարցն առաջ է տանում ՀՀ կառավարությունը:

Այսօր Ադրբեջանի նախագահն արդեն անձամբ է գովել ՀՀ կառավարության այս քննարկումը: Այս օրակարգով ՀՀ կառավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի լեգիտիմությունը: Մեր պետությունը դարձնում է ադրբեջանական իշխանության գերին:

Սա Ադրբեջանին բացարձակ ձեռնտու է նաև այն առումով, որ շեղում է ուշադրությունն իր հանցանքներից Արցախում ու լեգիտիմացնում դրանք:

Հիմա Ադրբեջանի համար կենսական է ամեն կերպ վերացնել 2023թ. սեպտեմբերին արցախահայերի զանգվածային բռնի տեղահանման, նրանց վերադարձի, տարբեր ժամանակաշրջանում ադրբեջանական զանգվածային հանցանքների, Հայաստանի տարածքների օկուպացիայի և մյուս թեմաները: Էլ չասած, որ զուգահեռ խորանում են հայկական մշակութային ժառանգության վերացման, թշնամանքի խորացման, Հայաստանի զավթման ադրբեջանական ծրագրերը:

Մեզ համար կենսական հարցերի (սկսած ադրբեջանական հանցանքների համար պատասխանատվությունից մինչև Արցախի էթնիկ զտումներ ու Հայաստան ադրբեջանական ներխուժումների վերացում) վրա կենտրոնանալու փոխարեն առաջ է տարվում ադրբեջանական թելադրանք»,–գրել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և «հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից»։

Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին՝ պնդելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», – հայտարարել է նա։