AM
2 February 2024 - 09:53 AMT

Աբրահամյան. Բաքուն մտավ խաղի մեջ և, օգտվելով ՀՀ իշխանության «պասից»` մինչև վերջ կսեղմի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով այն պնդումներին, որ ՀՀ–ն մտադիր է գնալ նոր սահմանադրության ընդունմանը Ադրբեջանի ճնշմամբ, գրել է, որ եթե նույնիսկ սա չէր արվել Ադրբեջանի պահանջով, ապա Բաքուն մտավ խաղի մեջ և օգտվելով ՀՀ իշխանության «պասից»` մինչև վերջ կսեղմի։

«Ալիևն այսօր, ըստ էության, հաստատել է վերջին շրջանում լայն քննարկումների առարկա դարձած ՀՀ սահմանադրական փոփոխություններում իրենց մեծ հետաքրքրությունը:

Եթե նույնիսկ սա չէր արվել Ադրբեջանի պահանջով, ապա Բաքուն մտավ խաղի մեջ և օգտվելով ՀՀ իշխանության «պասից»` մինչև վերջ կսեղմի:

Եթե սա, այնուամենայնիվ, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կուլիսային փոխըմբռման հետևանք է կրկին վատ է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանին, իսկ Հայաստանը շարունակում է ծնկի գալ ու զիջել. ի դեպ, այս հերթական ստորացումը Ադրբեջանին չի կանգնեցնելու պահանջներն աճելու են»,–գրել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և «հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից»։

Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին՝ պնդելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», – հայտարարել է նա։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։

Փետրվարի 1–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման եթերում, խոսելով անվտանգային հարցերի և նոր սահմանադրության անհրաժեշտության մասին, ասել է, որ Անկախության հռչակագրի հետ մեր հարաբերությունները պետք է կարգավորել։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանի պետական քաղաքականությունն առաջնորդվի և ելնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշումից, խաղաղություն երբեք չի լինի: