Փետրվարին հանրապետության ամբողջ տարածքում օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր 3–4 աստիճանով, տեղումները` նորմային համապատասխան, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Սպասվում է տաք, բայց բավարար տեղումներով եղանակ։ Փետրվարի 4-ից սկսած հարավ-արևմուտքից Հայաստան են սկսում ներթափանցել տաք օդային հոսանքներ։ Փետրվարի 4-6-ը և գիշերային, և ցերեկային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 10–12 աստիճանով»,– ասել է Սուրենյանը, գրում է Sputnik Արմենիան։
Ըստ կանխատեսումների փետրվարի 7-ի ցերեկն Արարատյան դաշտում կլինի 12–13 աստիճան տաքություն, Երևանում 10-12, իսկ Սյունիքում` 16-18։ Առանձին տեղերում կգրանցվի անգամ մինչև 20 աստիճան։
Ինչ վերաբերում է տեղումներին, ապա մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում կպահպանվի առանց տեղումների եղանակ։
«Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, իսկ 6-ին նաև շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, իսկ առանձին շրջաններում կդիտվի ձյուն»,– ասել է նա։
Ամփոփելով հունվար ամիսը՝ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բարձր 4-6 աստիճանով։
Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Կապանում` +22 աստիճան։ Իսկ հունվարի 31–ին Աշոտցքում գրանցվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը՝ -32 աստիճան։
«Տաք հունվարը ուղեկցվել է նաև տեղումներով, տեղումների ամսական քանակը նորմայից ավել է եղել բոլոր մարզերում»,– ասել է նա։
Նշվել է նաև, որ այս պահին բնակավայրերից ամենաբարձր ձյան ծածկը Ջերմուկի հատվածում է` 95 սմ։