Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պահանջում է քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարականը: Ավագանու հինգ անդամի մանդատից զրկելու օրակարգով արտահերթ նիստին ներկայանալու են հենց այս օրակարգով:
Խմբակցությունն այս որոշումը կայացրել է Մարությանի գլխավորած ժողովի ժամանակ: Այս մասին հայտնել է խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում կքննարկվի ավագանու 5 անդամի մանդատից զրկելու հարցը։ Խոսքը Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» խմբակցության 4 անդամի մասին է։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը նաև հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իշխող փոքրամասնությունն այս կամայական գործելաոճով արհամարհում է իրենց ուժին ձայն տված յուրաքանչյուր երևանցու քվեն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իր կցորդների հետ միասին, որոշել է Երևանի ավագանուց հեռացնել ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ազգային առաջընթացի» լիդեր Հայկ Մարությանին և ավագանու ընդդիմադիր մի շարք այլ անդամների։ Իրավական և քաղաքական առումով թերի այս գործողությունը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը և զրկել նրան կոռումպացված ու ապաշնորհ քաղաքային իշխանության վնասաբեր որոշումների դեմ պայքարելու հնարավորությունից։
Քաղաքական դիրքորոշում արտահայտելու՝ ընդդիմադիրների իրավունքը ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից է և տեղական ինքնակառավարման հիմնասյուներից։ Իշխող փոքրամասնությունն այս կամայական գործելաոճով արհամարհում է մեր ուժին ձայն տված յուրաքանչյուր երևանցու քվեն։
Ժամանակն ապացուցեց, որ օրվա իշխանությունը թքած ունի իր հռչակած հեղափոխական արժեքների վրա և առաջնորդվում է բացառապես նեղ խմբակային շահերով։ Միակ հարցը, որ իմաստ ունի քննարկել այս իշխանության հետ, մեկն է՝ հեռացնել երևանցիների առողջության ու գրպանի վրա արդեն իսկ չափազանց թանկ նստած պսևդոքաղաքապետին»,–ասվում է հայտարարության մեջ։