Sinergy ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը, որի հանդեպ որպես խափանման միջոց 1 ամիս կալանքն է ընտրվել, ունի 2 տարեկան մանկահասակ երեխա, որը մինչ օրս օգտվում է մայրական կաթից։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, անդրադառնալով փաստին, գրել է, որ երկու տարեկան երեխային մորից զրկելը, քանի դեռ մոր հանցանքը չի ապացուցվել, ոչ մի հիմնավորում ունենալ չի կարող։
«Կարդացի, որ կալանավորվածների թվում է Լիլի Մկրյան անունով երիտասարդ մի կին, որի 2 տարեկան երեխան մայրական կաթով է սնվում։ Երկու տարեկան երեխային մորից զրկելը, քանի դեռ մոր հանցանքը չի ապացուցվել, քանի չի հիմնավորվել, որ նա այնպիսի արարք է թույլ տվել, որի դեպքում կալանավորումից բացի այլ տարբերակ լինել չի կարող, ոչ մի հիմնավորում ունենալ չի կարող։ Ավելին՝ այն հանցագործության սահմանագծին է, եթե չասենք՝ հանցագործություն է։ Հասկանալն անգամ դժվար է, թե ինչ կարգի գլուխներում է նման դեպքում նման խափանման միջոց ընտրելու միտքը ծագել ու ընտրվել»,–ասվում է գրառման մեջ։
Մկրյանն անցնում է էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների՝ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի` օժանդակել է պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների չարաշահմանը, հայտնում է «Առավոտը»։
Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասել է․ «ՕԺանդակելը կայացել է իբրև խորհուրդներ, համապատասխան տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Լիազորությունների անցումը և չարաշահումը պաշտոնատար անձանց դեպքում քննչական մարմինը գնահատում է, ի թիվս այլ հանգամանքների, նաև այն, որ իբրև փոխնախարար Անի Իսպիրյանը մրցույթի երկրորդ փուլի ժամանակ իրավունք չուներ լրացուցիչ պայմաններ առաջադրելու, ինչու չէ նաև խստացված որոշակի պայմաններում: Այսինքն՝ կողմերի համար առաջադրել որոշակի լրացուցիչ կամ խստացված պայմաններ:
Բայց դա հիմնավոր չէ այնքանով, որքանով կան փաստական տվյալներ, այս պահին չեմ կարող բացահայտել դրանց բովանդակությունը, բայց դրանց համադրելիությունը ցույց է տալիս, որ Իսպիրյանն ուներ իրավունք լրացուցիչ պայմաններ առաջադրելու, ինչու չէ նաև խստացված որոշակի պայմաններով, ինչը չի կարելի ասել խտրական պայմաններ առաջադրելու մասին: Տվյալ պարագայում խոսքը գնացել է լրացուցիչ, որոշակի չափով խստացված պայմանների մասին, որի իրավունքը նա ունեցել է, նա պարզապես չէր կարող իր լիազորություններն անցնել… Հետևաբար, եթե ֆիքսում ենք, որ լիազորությունների անցում չկա, լիազորությունների անցմանը որևէ մեկը, այդ թվում Լիլի Մկրյանը, չէր կարող օժանդակել»:
Կալանավորվել է նաև Synergy ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։ Նույն գործով կալանավորված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը նույնպես մանկահասակ երեխաներ ունի։
Հակակոռուպցիոն դատարանը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառել է խափանման միջոց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։