AM
5 February 2024 - 14:21 AMT

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում կալանավորված Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում շինծու գործերով կալանքի տակ պահվող Արցախի նախկին և ներկա պաշտոնյաներին։ Այդ մասին հայտնել էԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Այցը տեղի է ունեցել հունվարի վերջին–փետրվարի սկզբին։ Նրանց հետ առանձնազրույցներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ շփման համար, հայտնում է Haqqin.az-ը։

Նշվում է, որ, իր մանդատի համաձայն, ԿԽՄԿ-ն նման այցելությունների ընթացքում գնահատում է կալանքի պայմանները և ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքը։ Կոմիտեն նաև պայմաններ է ստեղծում ընտանիքների հետ կապի համար։

Հունվարի վերջին Բաքվի դատարանը ևս 4 ամսով երկարաձգել է շինծու գործերով կալանավորված Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը: