Մայրաքաղաքը բեռնաթափելու և երթևեկությունն առավել հարմարավետ դարձնելու նպատակով կկառուցվի Իսակով-Արշակունյաց շրջանցիկ ճանապարհահատվածը:
Նախագիծը կյանքի կկոչվի գործադիր-համայնք-Ասիական զարգացման բանկ գործակցությամբ՝ ստորագրված քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում:
Ասիական զարգացման բանկից 60 մլն եվրո վարկի ներգրավումը, որի շրջանակում նախատեսվում է կառուցել Երևանի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածը, հաստատվել է կառավարության հունվարի 18–ի նիստում։
Ենթադրվում է, որ նոր ճանապարհի կառուցմամբ տրանսպորտային մեծ հոսքեր կուղղվեն և կնվազեցվեն խցանումները։ Հիմնական ճանապարհի երկարությունը կլինի մոտ 2 կմ: Ծրագրով նախատեսվում է կամուրջ կառուցել Հրազդան գետի վրա, թունելային անցում Արշակունյաց պողոտայում և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցը: Համաձայնագրով նախատեսված ծրագիրը պետք է ավարտին հասցվի 2027 թ. սեպտեմբերի 30–ին, իսկ վարկը պետք է մարվի մինչև 2028 թ. մարտի 31–ը:
ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերին: