Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ «բովանդակային առումով սուտ տեղեկություններ» անվանելով տրանսպորտի սակագինը մինչև 260 դրամ բարձրացնելը։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել և որ «թանկացման սանդղակը հասնում է մինչև 260 դրամ»։
Փոխքաղաքապետը նշել է, որ լինելու է տարբերակված մոտեցում՝ մշտապես տրանսպորտից օգտվողների համար համեմատ մատչելի գներ կլինեն, իսկ տարբեր խմբերի համար կգործեն արտոնյալ սակագներ։
«Չնայած նախագծի ներկայացումը հենց դրա տարբեր շրջանակներում քննարկելու նպատակ է հետապնդում, ավագանու որոշ անդամներ չեն հապաղում և արդեն սկսել են համատեքստից կտրված և բովանդակային առումով սուտ տեղեկություններ տարածել։
Փետրվարի 6–ին լինելու եմ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ ներկայացնելու նախագիծը, դրա նպատակները և այս պահի բովանդակությունը, որի առանձին մասեր չենք բացառում, որ կարող են և փոփոխվել՝ առողջ քննադատության և փաստարկների, բայց ոչ երբեք մանիպուլյացիայի և ստի արդյունքում։
Այժմ միայն կնշեմ, որ․
1․ Ինչպես և ամբողջ աշխարհում միասնական տոմսային համակարգը ներառելու է տոմսային պրոդուկտներ, որոնք նախատեսված են մշտապես տրանսպորտից օգտվող անձանց համար (համեմատ մատչելի գներով) և գլխավորապես՝ զբոսաշրջիկների և քաղաքի հյուրերի համար նախատեսված տոմսային պրոդուկտներ (համեմատ ավելի թանկ գներով)։
2․ Գործելու են արտոնյալ սակագներ՝ տարբեր խմբերի համար (թոշակառուներ, ուսանողներ և այլն)»,–ասվում է Գրիգորյանի գրառման մեջ։
Փետրվարի 13-ին կայանալիք նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելուն։