«Հանրային ձայն» խմբակցությունը այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ Երևանում պետք է անցկացվեն Ավագանու նոր ընտրություններ։
Նա նշել է, որ եթե մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ նիստերին, արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն։
«Սիրելի Երևանցիներ, մոտ 23,000 մեզ վստահողներ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետեւյալ քաղաքական որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ երևանցիների հոգսերը հնարավորինս թեթևացնելու համար:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման: Այժմ Երևանում արտաահերթ խնդիր եմ համարում Ավինյանին և իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ «Հանրային Ձայն» ֆրակցիան այլևս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երևանում պետք է անցկացվի Ավագանու նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ և անփոփոխ է: Եթե մյուս ընդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, արտահերթ ընտրությունները անխուսափելի կլինեն:
Մնացած քայլերի մասին կտեղեկացնեմ ճիշտ ժամանակին»,–ասվում է գրառման մեջ։
Փետրվարի 7 ին նախատեսված է ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ նախատեսվում է վաղաժամ դադարեցնել Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավորների լիազրությունները։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պահանջում է քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարականը: Ավագանու հինգ անդամի մանդատից զրկելու օրակարգով արտահերթ նիստին ներկայանալու են հենց այս օրակարգով: