AM
6 February 2024 - 09:57 AMT

Սուրենյան․ Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աստիճանաբար գնում ենք դեպի գարուն։

«Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն»,–գրել է նա։

Ավելի վաղ Սուրենյանը, ներկայացնելով փետրվարին սպասվելիք եղանակային պայմանները, ասել էր, որ փետրվարի 7-ի ցերեկն արդեն Արարատյան դաշտում կարձանագրենք մինչև 12 աստիճան տաքություն, Երևանում՝ մինչև 10-12, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 16, առանձին հատվածներում մինչև 20 աստիճանի։

Փետրվարի 6-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

Երևանում`փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան։