«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանում փորձ է արվում «իրականացնել սահմանադրական հեղաշրջում», ինչի մասին արդեն անթաքույց «հայտարարել են գործող վարչախմբի ղեկավարը և նրա տարաբնույթ կամակատարները»։
Նա նշել է, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամները վճռական հանձնառություն են ստանձնում պայքարելու գործող վարչախմբի կողմից սկսած հակազգային և հակապետական գործընթացի դեմ և խոչընդոտելու դրա իրականացմանը, հայտնում է Aysor.am-ը։
«Սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնել հայկական անկախ պետականությունը, այն վերածելով Թուրքիայից և Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ մի կազմավորման։ «Նոր Սահմանադրության» ընդունման նպատակը Հայաստանի Անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանված են հայության հիմնական ազգային նպատակները, ինչպիսիք են՝ ազգային հզոր պետության կառուցումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, Հայաստանի և Արցախի վերամիավորումը։ Գործող վարչախմբի ներկայացուցիչներն իրենք են խոստովանել, որ այս ամենն անում են Բաքվի և Անկարայի պարտադրանքով։ Ավելին, նրանք հայ ժողովրդին սպառնում են նոր պատերազմով՝ այդ պարտադրանքին չենթարկվելու դեպքում։ Փաստացի, Արցախը թշնամուն սկուտեղի վրա հանձնելուց հետո, նույն այդ թշնամու անմիջական հրահանգով նրանք ցանկանում են ժողովրդին շանտաժի ենթարկելով հաստատել հակասահմանադրական այնպիսի մի կարգ, որը վերջ կդնի հայկական անկախ պետականության գոյությանը»,–ասել է նա։
Չալաբյանը հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին կոչ է արել միանալ պայքարին՝ ձևավորելու անկախության պաշտպանության միասնական ճակատ և թույլ չտալու հայկական անկախ պետականության կազմալուծումը։
Չալաբյանը հիշեցրել է, որ Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընհանուր թվի 2/3–ի, այսինքն` 72 պատգամավորի համաձայնությունը։ «Հայաքվեն» իր առաջնահերթ խնդիրն է համարում թույլ չտալ, որպեսզի 72 պատգամավոր արտոնեն նախագիծը հանրաքվեի դնելը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մեր հասարակության մեծամասնությունը պետք է հասկանա, որ այսպիսի փոփոխությունները կբերեն մեր պետության կազմալուծմանը և ոչնչացմանը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն մարդիկ, ումից կախված է ինչ-որ բան, դեմ գնան սրան»,– ասել է նա։
Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին՝ պնդելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։
Փետրվարի 1–ին Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման եթերում, խոսելով նոր սահմանադրության անհրաժեշտության մասին, ասել է, որ Անկախության հռչակագրի հետ մեր հարաբերությունները պետք է կարգավորել։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանի պետական քաղաքականությունն առաջնորդվի և ելնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշումից, խաղաղություն երբեք չի լինի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և «հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից»։