AM
6 February 2024 - 11:29 AMT

Հարաբերությունների վերականգնումից հետո ՀՀ նախագահը բարձրագույն մակարդակի առաջին այցն է կատարել Հունգարիա

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Բուդապեշտում է՝ հարաբերությունների վերականգնումից հետո սա բարձրագույն մակարդակի առաջին այցն է։

Խաչատուրյանը Հունգարիայի նախագահի նստավայր՝ Շանդոր պալատում հանդիպել է նախագահ Կատալին Նովակի հետ, հայտնում է Արմենպրեսը։

Նախագահներն առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է լայն կազմով հանդիպումը` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի մասնակցությամբ։

Հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հունգարիայի մշակույթի և նորարարության պետքարտուղար Բալաշ Հանկոն կստորագրեն համագործակցության հուշագիր։

Պաշտոնական այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։ ՀՀ նախագահը կհանդիպի նաև Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։