Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրման համար կսահմանվի ժամային սահմանափակում, ցուցադրումը կթույլատրվի միայն ժամը 24:00-06:00-ն: Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Արթուր Հովհաննիսյանը:
Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Սրանով մենք ցանկանում ենք նվազեցնել քրեական ենթամշակույթի ազդեցությունը հանրային հարաբերությունների, հատկապես՝ անչափահասների դաստիարակության վրա»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա պարզաբանել է, որ նման հաղորդումների և ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:
Նախագծի համահեղինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է․ «Այո՛, օրինագիծը բոլոր հարցերը չի լուծում և չի էլ կարող լուծել, բայց քայլ պետք է անենք: Վերջերս մի ֆիլմ համացանցում աչքովս ընկավ, հենց առաջին հինգ րոպեի ընթացքում այնպիսի բառապաշար եւ բարքեր էին քարոզվում, որոնք նույնիսկ որպես օրինակ մեջբերել չեմ ցանկանում»,- ասել է նա:
Քննարկման ընթացքում ներկայացրել նաև որոշ դիտողություններ և առաջարկներ:
2020 թվականին օրենսդիրը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համար պարտադիր կանոնների պահպանման վրա: