AM
6 February 2024 - 14:05 AMT

Մարությանի ղեկավարած խմբակցությունը տապալելու է Ավագանու արտահերթը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը տապալելու է ավագանու արտահերթ նիստը: Այդ մասին ասել է խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Մեր խմբակցությունը, ինչպես նախկինում, այդպես էլ փետրվարի 7-ին, չի ապահովելու այս իշխանությունների որոշումների համար քվորում։ Մենք չենք գրանցվելու, որպեսզի քվորում տեղի չունենա։ Մենք մտադիր ենք ներկայանալ, ամբիոնից շփվել երևանցիների հետ, օգտվելով մեզ տրված մանդատի իրավունքից, բացատրել, թե ինչ է տեղի ունենում, խոսել այս իշխանության հակաժողովրդավարական քաղաքականության մասին։ Մենք կօգտագործենք մեր խոսքի իրավունքը, սակայն քվեարկություն չենք ապահովելու»,- ասել է Աբգարյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցությունների համախմբման և «Քաղաքացիական պայմանագրին» ավագանուց հեռացնելու վերաբերյալ Վարդան Ղուկասյանի կոչին՝ Աբգարյանը հիշեցրել է, որ «Ազգային առաջընթացն» էր, որ ի սկզբանե առաջարկում էր չընտրել Տիգրան Ավինյանին։

«Մեր դիրքորոշման մասին հայտարարել է Հայկ Մարությանը, այն է՝ ելքը արտահերթ ընտրությունն է, այս ձևաչափով քաղաքապետարանը պարզապես կաթվածահար է լինելու։ Ավինյանը պետք է օր առաջ իր ՔՊ-ով հեռանա իշխանությունից»,–ասել է նա։

Ավելի վաղ ավագանու նիստը բոյկոտելու մասին հայտարարել են ավագանու «Մայր Հայաստան» և «Հանրային ձայն» խմբակցությունները։