Հանրային հեռարձակողի խորհուրդն առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին։ Այդ մասին ասվում է ՀՀԽ հայտարարության մեջ։
Նշվել է, որ ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ։
Գարեգին Խումարյանը փետրվարի 5-ին լրատվամիջոցի կայքում հրապարակել էր իր հոդվածը, որով վիճարկում էր օրեր առաջ «Անվտանգային միջավայր» հաղորդմանը հյուրընկալված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները։
«Փաստը, որ Հանրային ռադիոյի տնօրենը քննադատում է վարչապետին, արտառոց ոչինչ չի պարունակում, նույնիսկ առաջին դեպքը չէ և որևէ սկզբունքային առարկություն չի կարող ունենալ ժողովրդավարական երկրում։ Սակայն հանրային լրատվամիջոցի այսպիսի կամայական օգտագործումն առաջացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարակուսանքը։
Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։
Բացի այդ, ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ինչը Գարեգին Խումարյանը որպես առիթ էր օգտագործել հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքը «վատ ժուռնալիստիկա» որակելու և ունկնդիրների «սպասելիքները չարդարացնելու» համար, որը նույնպես մտահոգիչ է։
Ըստ այդմ, Խորհուրդն առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին»,–ասվում է հայտարարության մեջ։
Գարեգին Խումարյանը «զուտ ինտուիտիվ»՝ համաձայն չէ Հանրային հեռարձակողի պնդման հետ, թե Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները վիճարկող իր հոդվածով չարաշահել է լիազորությունները և պաշտոնը: Խումարյանն այդ մասին ասել է «Ազատությանը» տված հարցազրույցում՝ Խորհրդի հայտարարությունից անմիջապես հետո:
Նա նաև նշել է, որ կատարել է իր մասնագիտական պարտքը։
«Ես չգիտեմ՝ քննադատության ենթարկել եմ, թե՝ ոչ, ես կատարել եմ մասնագիտական պարտքս: Մենք ակնհայտորեն թույլ պրոդուկտ ենք հեռարձակել՝ օրինակ, համեմատած ձեր հարգելի ընկերության վերջին հարցազրույցի հետ՝ վարչապետի հետ, ու ես արել եմ այն, ինչ որ պետք է անեմ՝ ես, այո, ներողություն եմ խնդրել խնդրահարույց հաղորդման համար, որը ակնհայտորեն ավելի թույլ էր, քան կարող էր լինել»,–ասել է Խումարյանը։
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին և նշելով, որ հունվարի 31-ին տեղի ունեցածը «լավ ժուռնալիստիկա չէր»։
Անդրադառնալով բուն հարցազրույցին՝ նա նշել է, որ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք՝ «մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ, թուրքերը կոտորում են հայերին, այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչել է «եկեք դադարենք հայ լինելը»:
Ընթերցեք նաև․Հանրային ռադիոյի տնօրենը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին․ Մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք