Հայաստանը և Հունգարիան գործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այն ստորագրվել է պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի ներկայությամբ։
Հայկական կողմից այն ստորագրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ հունգարական կողմից՝ Հունգարիայի մշակույթի և նորարարությունների նախարարության պետքարտուղար Բալաշ Հանկոն:
Հուշագիրը մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում համագործակցության մասին է:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Բուդապեշտում է՝ հարաբերությունների վերականգնումից հետո սա բարձրագույն մակարդակի առաջին այցն է։ Խաչատուրյանը Հունգարիայի նախագահի նստավայր՝ Շանդոր պալատում հանդիպել է նախագահ Կատալին Նովակի հետ:
Պաշտոնական այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։ ՀՀ նախագահը կհանդիպի նաև Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։