AM
7 February 2024 - 08:09 AMT

Մարությանին զրկել են ավագանու մանդատից․ «Հանրային ձայնի» 2 անդամ ապահովել է քվորումը

Երևանի ավագանին կողմ է քվեարկել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը։

Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը ներկա էր արտահերթ նիստին, որտեղ քննարկվում էր իրեն մանդատից զրկելու հարցը, հայտնում է Aysor.am-ը։

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ու ևս մեկ անդամ ներկայացել են ավագանու արտահերթ նիստին, որի օրակարգում ընդդիմադիր 5 անդամին մանդատներից զրկելու հարցերն են։ Դրանով նրանք ապահովել են քվորումը և նիստի ընթացքը։ Նիստին մասնակցել է ավագանու 65 անդամից 35-ը։

Մինչ քվերկությունը Մարությանն իր ելույթում քննադատել է ՔՊ–ին սեփական հայեցողությամբ որոշումներ կայացնելու համար։ Նա հիշեցրել է, որ նախկինում ավագանու նիստերին երբեք չմասնակցած ավագանու անդամները չեն հեռացվել, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա ընդգծել է, որ այժմ իրենց ավագանուց փորձում են հեռացնել, որովհետև պահանջում են ՔՊ–ի հրաժարականը։ Մինչդեռ ավագանու նիստերին չգալով, քվորում չապահովելով է միայն հնարավոր դիմակայել ՔՊ–ի «տհաս» որոշումներին։

«Չեմ եկել, որ չմասնակցեմ, կարմիր գծերի 160,000 դրամ թանկացնելու խայտառակ որոշմանը, չեմ եկել, որ օղակաձև այգու 4–րդ հատվածը չբետոնապատեն, տրանսպորտի գները չթանկացնեն…»,–ասել է նա։

Հայկ Մարությանը կարծում է, որ քաղաքական հաշվեհարդարից բացի, ևս մեկ կարևոր դրդապատճառ կա, որ իշխանությունը ուզում է իրեն մանդատից զրկել։

«Եթե հիշում եք, որ անցած տարի ես ասել էի կարմիր գծերը թանկացնելուց հետո, այս իշխանությունը թանկացնելու է նաև հանրային տրանսպորտի գինը։ Արդյունքում ավելի թանկ է լինելու մեր տրանսպորտի գինը, քան մի շարք զարգացած եվրոպական երկրներում։ Նրանք ուզում են չեզոքացնել ինձ իմանալով իմ դիրքորոշումը տրանսպորտի թանկացման մասին, որ ես շատ հստակ արտահայտվել եմ 11 տարի առաջ»,– ասել է նա։

Ելույթից հետո Մարությանը հեռացել է դահլիճից։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի լիազորությունները ևս վաղաժամկետ դադարեցվեցին։ Նրան մանդատից զրկելուն կողմ է քվեարկել ավագանու 34 անդամ։

Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է ավագանու 5 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերը։ Նրանք ենք՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյան, Սոննա Աղեկյան, Գևորգ Ստեձանյան, Զորուհի Փաստանջյան և «Ազգային Առաջընթաց» խմբակցությունից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։