Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսին հայտարարել է, որ Հունգարիան կաջակցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը։
Նա ասել է, որ Եվրամիությունը պետք է ամրապնդի իր հարաբերությունները Հարավային Կովկասի հետ և այդ հարցում Հունգարիան կարող է օգտակար լինել, հայտնում է Արմենպրեսը։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ: Դուք կարող եք մեզ վրա հույս դնել, և երբ Հունգարիան հուլիս ամսին ստանձնի Եվրամիության նախագահությունը՝ մենք ամեն բան կանենք, որպեսզի աջակցենք Հայաստանին և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև, կարողանանք առաջ շարժվել Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացում»,- ընդգծել է Նովակը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Բուդապեշտում է՝ հարաբերությունների վերականգնումից հետո սա բարձրագույն մակարդակի առաջին այցն է։ Խաչատուրյանը Հունգարիայի նախագահի նստավայր՝ Շանդոր պալատում հանդիպել է նախագահ Կատալին Նովակի հետ:
Պաշտոնական այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։ ՀՀ նախագահը կհանդիպի նաև Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։