AM
7 February 2024 - 09:34 AMT

Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին

Երևանի ավագանու մանդատից զրկված «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը հայտնել է, որ մտադիր է մասնակցել 2026–ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին և կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

Իրեն մանդատից զրկելու որոշումը Մարությանը քաղաքական է գնահատել՝ «իրեն չեզոքացնելու նպատակով», հայտնում է «Փաստինֆոն»։

«ՔՊ»-ն այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին, որ իրենցից ամեն ինչ սպասելի է։ Իշխանությունն այստեղ գալիս և դակում է՝ վերևից իջեցված հրամանները, ոչինչ չեն անում։ Վստահ եմ՝ իրենցից շատերը գաղափար էլ չունեն, թե ինչի համար են քվեարկում։

«Լացակումած տեքստեր էին ասում, թե ինչպես կարելի է բոյկոտել, մարմինը չաշխատի, բայց իրենք բոյկոտ են արել, երբ ես քաղաքապետ էի։ Երևանի ամենակարևոր հարցը լուծելիս ՔՊ-ն բոյկոտ էր արել և չէր եկել, քվորում չէր ապահովել, որ կարողանանք ավտոբուսները բերել։ Բարեբախտաբար ԲՀԿ խմբակցությունը պատահմամբ, բախտի բերմամաբ եկել էր, քվորումը պատահաբար ապահովվեց, կարողացանք բերել ավտոբուսներ»,- ասել է Մարությանը։

Նա նաև հիշեցրել է, որ «Հանրային ձայնն» առաջին օրվանից եկավ, քաղաքապետ ընտրեց Տիգրան Ավինյանին, այնտեղից տեղի ունեցավ «անասնագողություն», հիմա էլ՝ գալիս քվորում են ապահովում։

Իրեն մանդատից զրկելու երկրորդ նպատակն, ըստ Մարությանի, մյուս ընդդիմադիրներին վախեցնելն է, որ եթե չգան, չապահովեն քվորում, բոլորին հերթով հանելու են։

Երևանի ավագանին կողմ է քվեարկել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը։ Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը ներկա էր արտահերթ նիստին: «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ու ևս մեկ անդամ ներկայացել են ավագանու արտահերթ նիստին, որի օրակարգում ընդդիմադիր 5 անդամին մանդատներից զրկելու հարցերն են։ Դրանով նրանք ապահովել են քվորումը և նիստի ընթացքը։ Նիստին մասնակցել է ավագանու 65 անդամից 35-ը։