AM
7 February 2024 - 10:05 AMT

Մարության․ Տրանսպորտի թանկացումը չեք մարսելու՝ խոսք եմ տալիս, դիմելու ենք անհնազանդության բոլոր միջոցներին

Երևանի ավագանու մանդատից զրկված «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը նիստում ունեցած իր ելույթում, անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի սպասվող թանկացմանը, ասել է, որ դա չի հաջողվելու՝ ոչ թե որովհետեւ այս կուսակցությունը կամ այն կուսակցությունն է խանգարելու, այլ երևանցին թույլ չի տալու։

«Տրանսպորտի թանկացման այս չակերտավոր «ռեֆորմը» չեք մարսելու, ընկերներ, դա ես ձեզ խոսք եմ տալիս։ Եվ ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ հիմա դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներին՝ հրաժարվելու ենք վճարել ձեր ուզած գներով, մարդկանց մեր մեքենաներով տեղ ենք հասցնելու։ Այնպես, ինչպես 150 դրամների մեր նախորդ պայքարի ժամանակ»,–ասել է նա, հայտնում է «Առավոտը»։

Մարությանը նաև կոչ է արել Աժ նախագահ Ալեն Սիմոնյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես 2013 թվականին եկան ու միացան իր ու ընկերների կազմակերպած ընդվզմանը, այնպես էլ հիմա գան և միանան։

«Ու եթե էն ժամանակ իրենց անձնական համեստ մեքենաներով էին, հիմա կարող են «S» դասի Մերսեդեսներով ու BMW-ներով գալ։ Հա, մեկ էլ ձեր ախռաննիկների մեքենաները բերեք, գործ շատ ա լինելու։ Ժողովրդի մասին էիք, չէ՞, մտածում։ Կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ արդեն՝ ոչ»,–ասել է նա։

Դիմելով «Քաղաքացիական պայմանագրին»՝ Մարությանն ասել է, որ նրանց գնացքն իսկապես գնացել է։

«Դուք, այս տարիներին ինչ խոստացել եք, չեք կատարել, իսկ հաճախ՝ միանգամայն հակառակն եք արել։ Գոռացել եք՝ Արցախը Հայաստան է, իսկ այսօր վախենում եք անգամ Արցախի անունը տալ։ Գոռացել եք՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չի», ու անհիմն թանկացումներ եք բերել ու շարունակում եք բերել։ Գոռացել եք «ժողովրդավարության բաստիոն», ու տեղական ինքնակառավարման հերն անիծում եք։ Օրինակները բազմաթիվ են՝ Ալավերդի, Վանաձոր, Գյումրի, Երեւան եւ այլն։ Գոռացել եք «խաղաղության դարաշրջան», ու էսօր մեզ բոլորիս հասցրել եք գոյաբանական աղետի առաջ։ Ձեր բոլոր օրակարգերը սնանկ են դուրս եկել, դուք այլևս անելիք չունեք։

Երևանի ավագանին կողմ է քվեարկել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը։ Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը ներկա էր արտահերթ նիստին: «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ու ևս մեկ անդամ ներկայացել են ավագանու արտահերթ նիստին, որի օրակարգում ընդդիմադիր 5 անդամին մանդատներից զրկելու հարցերն են։ Դրանով նրանք ապահովել են քվորումը և նիստի ընթացքը։ Նիստին մասնակցել է ավագանու 65 անդամից 35-ը։