Երևանի ավագանու անդամ Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեռ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է՝ Երևանում տրանսպորտը պետք է թանկանա։
Ըստ նրա՝ այսօր տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 230 դրամ է, հայտնում է Aysor.am-ը։
«Այսօր տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 230 դրամ է, և այն թանկացումը, որն իրականացվում է, ենթադրում է լրացուցիչ համավճար։ Համայնքը դոտացիայի է ենթարկելու նաև այդ։ Մենք Երևանում ահռելի խնդիրներ ունենք՝ ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի մատակարարման, շատ մեծ ծախսերի անհրաժեշտություն կա, և մեզ այդքան ճոխություն չենք կարող թույլատրել»,- ասել է Զեյնալյանը։
Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Փոխքաղաքապետը նշել է, որ լինելու է տարբերակված մոտեցում՝ մշտապես տրանսպորտից օգտվողների համար համեմատ մատչելի գներ կլինեն, իսկ տարբեր խմբերի համար կգործեն արտոնյալ սակագներ։ Նախագիծը կարող է ուժի մեջ մտնել սեպտեմբերին։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել և որ «թանկացման սանդղակը հասնում է մինչև 260 դրամ»։
Ընթերցեք նաև․ Մարության․ Տրանսպորտի թանկացումը չեք մարսելու՝ խոսք եմ տալիս, դիմելու ենք անհնազանդության բոլոր միջոցներին