«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում։ Այդ մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Panorama.am-ը։
«Պաշտպանության նախարարությունը բավարարել է Գագիկ Գինոսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ դիմումը՝ հիմք ընդունելով նրա մարտական ուղին»,- ասել են ՊՆ-ից։
Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 8–ին՝ Նոր Նորքի 5–րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում։ Փետրվարի 9–ին վերջին հրաժեշտը կկայանա Կամերային երաժշտության տանը՝ ժամը 11:00-13:00–ն։
Մինչդեռ ֆեյսբուքում նախաձեռնություն էր սկսվել, որով ՀՀ կառավարությունից պահանջում են, որ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
«Կարին» ավանդական երգի-պարի խումբը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Հրամանատարը չէր ուզի, որ մենք ծաղկեպսակներ տանենք։ Այդ իսկ պատճառով տեղադրում ենք @gin_tsov հաշվեհամարները… Ամբողջ հաշվետվությունը հետագայում նույնպես կտեսնեք իր էջում…Գումարը կօգտագործվի հայրենիքը շենացնելու նպատակով։ INECOBANK, Ծովինար Գինոսյան, Հաշվեհամար՝ 2050564491891001, քարտի համար՝ 4578 8900 0015 2650»։
Գինոսյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ 1994-1996 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության առանձին գումարտակում։ 1995-1996 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան՝ ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում։ 1996 թվականին զորացրվել է ՀՀ ԶՈւ շարքերից։
Երկար տարիներ պարել է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում, զբաղվել բանահավաքչական գործունեությամբ, հիմնադրել և ղեկավար «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։
Գինոսյանը նաև Ազգային պարը Հայաստանի հանրակրթական համակարգ ներդնելու՝ «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագրի հեղինակն է։