AM
8 February 2024 - 07:28 AMT

«Մայր Հայաստանը» պայքարելու է տրանսպորտի գների բարձրացման դեմ

Երևանի ավագանու«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ պայքարելու է քաղաքային տրանսպորտի գների բարձրացման դեմ։

«Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշվել է «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին զրկել Երևանի ավագանու անդամակցությունից: Դա տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, դրան կից խմբակցության՝ «Հանրապետության» և «Հանրային ձայնից» բերման ենթարկված տխրահռչակ երկու հոգու համատեղ գործողություններով: Ակնհայտ է, որ գործ ունենք կուլիսային և ապօրինի գործընթացների հետ: Առկա է նաև «Մայր Հայաստանի» դեմ քաղաքական հետապնդման բացահայտ դրսևորում:

«Մայր Հայաստանը» դատապարտում է ավագանու անդամներին մանդատներից զրկելու քստմնելի, ոչ լեգիտիմ ու հակաժողովրդավարական որոշումը և այն վիճարկելու է դատական կարգով:

Այս իշխանությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ժառանգել են նորանկախ Հայաստանում արձանագրված բոլոր վատ բարքերը և սպառել են իրենց: Մենք դատապարտում ենք իշխող խմբակի այդ որոշումը, որն ակնհայտորեն կայացվել է Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացմանն ընդառաջ»,–ասվում է հայտարարության մեջ։ :

Նշվում է, որ «Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի և մյուս ծառայությունների գների բարձրացման դեմ՝ ամեն ինչ անելով, որպեսզի դրանք կյանքի չկոչվեն և պաշտպանվեն քաղաքացու շահերը:

«Մենք թույլ չենք տալու նաև Ալիևի թելադրած օրակարգով սահմանադրության փոփոխություն, որը մեր պետականության հիմքերի ոչնչացման համար է իրականացվում, և որը կարող է հանգեցնել նոր ցեղասպանության: Մենք շարունակելու ենք տեղական ու համապետական մասշտաբով Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացմանն ուղղված քայլերը: Սա մեր ժողովրդի ու պետականության գոյության պայքար է»,–ասվում է հայտարարության մեջ։

Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Փոխքաղաքապետը նշել է, որ լինելու է տարբերակված մոտեցում՝ մշտապես տրանսպորտից օգտվողների համար համեմատ մատչելի գներ կլինեն, իսկ տարբեր խմբերի համար կգործեն արտոնյալ սակագներ։ Նախագիծը կարող է ուժի մեջ մտնել սեպտեմբերին։

Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել և որ «թանկացման սանդղակը հասնում է մինչև 260 դրամ»։

Ընթերցեք նաև․ Մարության․ Տրանսպորտի թանկացումը չեք մարսելու՝ խոսք եմ տալիս, դիմելու ենք անհնազանդության բոլոր միջոցներին